Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

2004-2013-ին Հայաստանից տարեկան միջինը դուրս է բերվել 983 միլիոն դոլար

2004-2013-ին Հայաստանից տարեկան միջինը դուրս է բերվել 983 միլիոն դոլար
13.12.2015 | 10:42

Ամերիկյան Global Financial Integrity հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է կապիտալի անօրինական արտահոսքերի ուսումնասիրությամբ, զեկույց է հրապարակել 2004-2013-ին տարբեր երկրներից կապիտալի անօրինական դուրսբերման վերաբերյալ: «Զարգացող երկրներից անօրինական ֆինանսական արտահոսքեր. 2004-2013» զեկույցը 7-րդ անգամ է հրապարակվում: Ըստ զեկույցի՝ վերջին 4 տարիներին ամեն տարի անօրինական աշխարհի զարգացող երկրներից 1 տրիլիոն դոլար է դուրս բերվում, որից 800 միլիարդը՝ ապրանքագրման օրենքների խախտման միջոցով:
2004-2013-ին Հայաստանից տարեկան միջինը դուրս է բերվել 983 միլիոն դոլար: Այս ցուցանիշով Հայաստանն աշխարհում 70-րդն է: Ամեն տարի այս թիվն աճել է: Եթե 2004 թվականին դուրս է բերվել 403 միլիոն դոլար, 2013 թվականին այդ գումարն ավելացել է 4,5 անգամ և կազմել 1,848 միլիարդ դոլար: Վերջին 10 տարում Հայաստանից անօրինական կերպով դուրս է բերվել ավելի քան 9,8 միլիարդ դոլար: 2013-ին ապրանքագրման խախտմամբ առևտրի (Treade Misinvoicing) միջոցով արտահոսքերը կազմել են 1,547 միլիարդ դոլար, իսկ մնացած գումարը կազմել է «թեժ փողը» (Hot Money):
Ադրբեջանը 17-րդն է՝ տարեկան միջինը 9,5 միլիարդ դոլար է դուրս բերվում: Ադրբեջանում ևս տարեցտարի այդ թիվն աճել է: Եթե 2004 թ. անօրինական կերպով 1,1 միլիարդ դոլար է դուրս բերվել, 2013 թ.՝ 14,736 միլիարդ: Տասը տարիների ընթացքում Ադրբեջանից դուրս է բերվել 95 միլիարդ դոլար:
Վրաստանից 10 տարում անօրինական կերպով դուրս է բերվել մոտ 15 միլիարդ դոլար: Վրաստանից, ի տարբերություն Հայաստանի ու Ադրբեջանի, կապիտալի անօրինական արտահոսքի ծավալները նվազում են: Եթե 2011 թ. դուրս է բերվել 1,479 միլիարդ դոլար, 2012 թ.՝ 1,422 միլիարդ, ապա 2013 թ. այդ թիվը կազմել է 1,190 միլիարդ:
Կապիտալի անօրինական արտահոսքի ծավալներով առաջին տեղում Չինաստանն է, տարեկան միջինը 139 միլիարդ դոլար ցուցանիշով: Երկրորդը Ռուսաստանն է 105 միլիարդով: Տասնյակում են նաև Մեքսիկան՝ 53 միլիարդ, Հնդկաստանը՝ 51 միլիարդ, Մալայզիան՝ 42 միլիարդ, Բրազիլիան՝ 22,7 միլիարդ, Հարավաֆրիկյան Հանրապետությունը՝ 21 միլիարդ, Թաիլանդը՝ 192 միլիարդ, Ինդոնեզիան՝ 18,1 միլիարդ, Նիգերիան՝ 17,8 միլիարդ:

Դիտվել է՝ 2443

Մեկնաբանություններ